ԱՄՆ ԶԼՄ-ները համարյա միաձայն կանխատեսում էին, որ ՌԴ նախագահը Համբուրգում գերազանցելու է ԱՄՆ նախագահին, իսկ հիմա նույնքան միաձայն գրում են, որ չէին սխալվել:
New York Post-ում Ռալֆ Պիտերսը գրում է. «Թրամփը ճախրում էր Վարշավայում, իսկ Համբուրգում նրան հիմարացրին»: Նրա կարծիքով՝ Վարշավայում Թրամփի ելույթը ԱՄՆ նախագահի ամենատպավորիչ ելույթն էր Եվրոպայում այն օրերից, երբ Ռոնալդ Ռեյգանը ասաց. «Միստր Գորբաչով, քանդեք այս պատը»: Պիտերսը դրվատանքով նշում է, որ Թրամփը ելույթում հիշատակել է Կատինը, որտեղ ՆԳԺԿ-ն պատերազմի սկզբում գնդակահարել է 15 հազար լեհ ռազմագերիների: Հրեական Forward-ը քննադատում է Թրամփին, որ չհիշատակեց 1941-ի ու 1946-ի կոտորածները ու հարգանքի տուրք չմատուցեց Վարշավայի գետտոյի ապստամբության հիշատակին կանգնեցված հուշարձանի մոտ, շրջանցեց լեհական հակասեմականության թեման և «ոսկոր նետեց լեհ պոպուլիստներին»: Բայց հետո Թրամփը հանդիպեց Վլադիմիր Պուտինին Համբուրգում ու նույն կախարդանքին տրվեց, որին ենթարկվել էին Քլինթոնը, Բուշը, Օբաման: Նրա խոսքով՝ ցավոտ էր լսել պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի պատմությունը երկու նախագահների հանդիպման մասին: Թրամփի դրսևորած միամտությունը ձեռնտու էր Պուտինին: «Մենք ոչինչ չստացանք, Պուտինը մեծ հաղթանակ ստացավ»՝ եզրակացնում է Պիտերսը:
Թեպետ Թիլերսոնն ասաց, որ Թրամփը բարձրացրել է 2016-ի ընտրություններին ռուսական միջամտության հարցը, նա հավելեց, որ իրենք Թրամփի հետ իմաստ չեն տեսնում անցյալը քրքրելու մեջ ու ձգտում են առաջ գնալ: «Դա հրաշալի նորություն էր Պուտինի համար, թեպետ պետք էր նրան դաս տալ ընտրություններին միջամտելու համար (այո-այո, ռուսներն անտարակույս միջամտել են)»:
«Վարչակազմը պետք է յուրացնի, որ Ռուսաստանը մեր թշնամին է և միայն այն պատճառով, որ որոշել է թշնամի լինել: Մենք չպետք է ձգտենք Մոսկվայի հետ հարաբերությունների, Պուտինը պետք է դադարեցնի հարևանների տուն մտնել, այլախոհներին սպանել (նաև՝ Արևմուտքում) և ահաբեկել ռմբակոծություններով Սիրիայի քաղաքացիական բնակչությանը: Ահա այդպես է պետք առաջ գնալ»՝ գրում է Պիտերսը և հավելում. «Առաջին ձեռքսեղմումի լուսանկարները խոսուն են: Թրամփը ինքն էր, Պուտինը այնպիսին էր, ինչպիսին որոշել էր լինել: Սովորաբար նա այնքան էլ ժպտուն չէ, իսկ այնտեղ արհեստական ժպտում էր: Նա ուսումնասիրել էր Թրամփին ու որոշել, որ շփման լավագույն տարբերակը ախպերականն է: Նա վերահսկում էր իրավիճակը: Նա կարճահասակ է և Թրամփից տարածություն էր պահում՝ խուսափելով գրկախառնումից, որտեղ մեր նախագահի կողքին փոքրիկ էր թվալու: Պուտինն իր ամեն քայլը հաշվարկում է»:
«Թրամփի ու Պուտինի բրոմանը վերսկսվում է»՝ գրեց Ջոն Կեսիդին New Yorker ամսագրում՝ եզրակացնելով, որ հանդիպումից Պուտինը ստացավ ինչ ցանկանում էր: Հայտնի է, որ Պուտինը յուրաքանչյուր հանդիպման մանրակրկիտ պատրաստվում է, իսկ Թրամփի անպատրաստությունը այնքան էր մտահոգում Սպիտակ տանը, որ նրանք ցանկանում էին Պուտինի հետ առաջին հանդիպման ձևաչափը մեծացնել՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Հերբերտ Մակմաստերով ու ազգային անվտանգության խորհրդում Ռուսաստանի մասնագետ Ֆիոնա Հիլլով: Բայց ի վերջո Թրամփի հետ միայն Թիլերսոնն էր ու թարգմանիչը: Չկային նույնիսկ սղագրողներ, որ սովորաբար ներկա են լինում նման հանդիպումնեին: Նրանց բացակայությունը Los Angeles Times-ը անվանեց Թրամփի լուրջ սխալ, որը թույլ տվեց Պուտինին իրեն հարմարացնել Թրամփի խոսքերը: Սերգեյ Լավրովի խոսքով՝ Թրամփն ընդունել է Պուտինի հավաստիացումները, որ Ռուսաստանը չի խառնվել ԱՄՆ ընտրություններին: ԱՄՆ վարչակարգի բարձրաստիճան մի գործիչ, ում անունը չի տրվում, զանգահարել է СNN և հայտարարել, որ Թրամփը նման ոչինչ չի ասել: «Ահա ինչու են այդպիսի հանդիպումներում պետք սղագրողները»՝ Los Angeles Times-ում գրում է Ադրբեջանում, Բոսնիա-Հերցեգովինայում ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Կոզլարիչը:
Washington Post-ը հիշեցնում է, որ ապրիլին, երբ Թիլերսոնը Մոսկվայում էր, Լավրովը լրագրողներին հաղորդեց, որ իբր ԱՄՆ-ի ու ՌԴ-ի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ՄԱԿ-ը հետաքննի Սիրիայում Բաշար Ասադի վարչակարգի կողմից քիմիական զենքի օգտագործման տվյալները: Դա սուտ էր, որը պետք է տպավորություն ստեղծեր, թե ԱՄՆ-ը ամենևին էլ վստահ չէ, որ Ասադը քիմիական զենք է կիրառել: «Ռուսաստանը՝ Սիրիայի դաշնակիցը, ուզում էր տպավորություն ստեղծել, որ ԱՄՆ-ը կասկածներ ունի Ասադի մեղավորության հարցում»՝ բացատրում է թերթը:
Կեսիդին New Yorker-ում գրում է, որ նախագահների հանդիպմանը սղագրողների բացակայությունը Թրամփի ընդդիմախոսներին սոցիալական ցանցերում սրամտելու առիթ է տվել, որ այդպես նրա համար հեշտ էր Պուտինին գաղտնիքներ փոխանցել կամ խոստանալ Ալյասկան վերադարձնել՝ Մոսկվայում հյուրանոց կառուցելու դիմաց: Կեսիդին մեջբերում է Թիլերսոնի խոսքը, որ Պուտինը պահանջել է Թրամփից ապացույցներ, որ ռուսները կոտրել են ԱՄՆ-ի դեմոկրատական կուսակցության համակարգիչները և նկատում է. «Քանի որ Թրամփը հինգշաբթի ասում էր, որ իրականում ոչ ոք չգիտի՝ ով է միջամտել ընտրություններին, նա հազիվ թե ի վիճակի է հերքել Պուտինի խոսքերը, նույնիսկ ցանկության դեպքում»:
Կեսիդին կարծում է, որ Պուտինը հանդիպումից ստացավ ինչ ցանկանում էր՝ այսինքն՝ ԱՄՆ-ի պարտավորությունը՝ ընտրությունների շուրջ տարաձայնությունները թողնել անցյալում ու նորմալացնել հարաբերությունները: «Թրամփը կարող է պնդել, որ բարձրացրել է ռուսական միջամտության հարցը, նույնիսկ եթե հպանցիկ է անդրադարձել,- շարունակում է Կեսիդին:- Բայց մեծ հաշվով՝ ի՞նչ ստացավ նա փոխարենը Պուտինից: Թիլերսոնը ոչ մի բառ չի ասել Ռուսաստանի որևէ զիջումի մասին Հյուսիսային Կորեայի հարցում, այսինքն՝ կենսականորեն կարևոր հարցում, որտեղ Մոսկվան Չինաստանի կողմն է անցել և ՄԱԿ-ում դեմ է նոր պատժամիջոցներին»:
New York Times-ը մի քիչ այլ հայացք ունի հանդիպման արդյունքներին. «Թրամփը գնաց հանդիպման՝ հույս ունենալով վերջ դնել խոսակցություններին՝ ով է իրեն ընտրել: Պուտինն ուզում էր ազատվել արևմտյան պատժամիջոցներից, որ արգելակում են Ռուսաստանի տնտեսությունը Ղրիմի անեքսիայից ու ՈՒկրաինայի գործերին միջամտելուց հետո: Ոչ մեկը, ոչ մյուսը ցանկացածը չստացավ»: Ընդդիմադիր դեմոկրատները դատապարտեցին Թրամփի վարքագիծը Պուտինի հետ հանդիպմանը: Սենատոր Ջեկ Ռիդը՝ Զինված ուժերի հանձնաժողովում ավագ դեմոկրատը, հայտարարեց, որ նախագահը կապիտուլացվեց Պուտինի առաջ: «Գուցե Պուտինն ու Թրամփը երկուսով ուզում են առաջ գնալ,- հայտարարեց Ջեկ Ռիդը New York Times-ին,- բայց ԱՄՆ ժողովուրդը և մնացած ազատ աշխարհը միաձայն ասում է. «Մի րոպե, եկեք նախ պարզենք, թե ինչ է եղել, պաշտպանենք մեզ հետագա խախտումներից»: Ջոան ՈՒոլշը Nation-ի կայքում իր մեկնաբանությունը վերնագրել է` «Թրամփի ու Պուտինի լավ գովազդված առաջին հանդիպումը ֆարս էր»: Vox-ի կայքը ավելի պարզ է վերնագրել` «Պուտին - Թրամփ, 1:0»: Washington Post-ը խմբագրականում գրել է. «Պուտինի հետ անհրաժեշտ էր հանդիպել, բայց հազիվ թե դա պատիվ էր»՝ նկատի ունենալով Պուտինին ուղղված Թրամփի խոսքը «Պատիվ եմ համարում Ձեզ հետ հանդիպելը»: «Մի սեղանի շուրջ նստել վարչակարգի ղեկավարի հետ, որ ներխուժում է խաղաղ հարևանների տուն, գաղտնի խառնվում է ժողովրդավարական երկրների ընտրություններին և թույլ է տալիս ներքին քաղաքական ընդդիմախոսների ու լրագրողների սպանությունը, պատիվ չէ»:
«Ընդհանրապես ու մասնավորապես՝ մեր նպատակները նույնն են՝ հայտարարեց Թիլերսոնը,- շարունակում է խմբագրականը:- Եթե այդպես է, կողմերից մեկի նպատակները փոխվել են: Պուտինը վաղուց է ձգտում ամրացնել Բաշար Ասադի արյունոտ վարչակարգը և հասնում է դրան Իրանի հետ համագործակցած, ԱՄՆ-ի դիրքորոշումն է, որ քանի Ասադն իշխանություն է, կայուն խաղաղություն հնարավոր չէ»:
Վլադիմիր ԿՈԶԼՈՎՍԿԻ, BBC
Հ.Գ. Ընդունեք, որ գնահատականները միակողմանի ու թույլ են կամ թույլերն են ընտրված: Փաստորեն՝ ԱՄՆ-ն ասելիք չունի: Նախագահական ընտրություններին Ռուսաստանի միջամտությունը, թե չմիջամտությունը անկյունաքար դարձնել ԱՄՆ-ՌԴ հարաբերություններում, նվազագույնը որևէ խնդիր լուծված չտեսնելու համառություն է վկայում: Ընդամենը: Իսկ դա նշանակում է, որ հանդիպումը Պուտինի հետ իրոք ավարտվել է 1:0 հաշվով՝ բայց Թրամփ-ԱՄՆ խաղում: Նախագահը այս պահին առաջ է գնում իր երկրից, եթե, իհարկե, երկրի տեսակետ համարենք լրատվամիջոցների արձագանքները:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ